Փաշինյանը վրացի գործընկեր Կվիրիկաշվիլուն հրավիրեց Երևան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ համատեղ ճեպազրույցում խոսել է իր տպավորությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տպավորել է Վրաստանի ժողովրդի դրսևորած հետաքրքրությունը «թավշյա հեղափոխության» նկատմամբ։ Այդ մասին նա ասաց վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլու հետ համատեղ ճեպազրույցում։

«Փաշինյանի այցը նոր արդյունքներ կտա Երևանին և Թբիլիսիին». Վրաստանի փոխվարչապետ

«Մեզ տպավորել է այդ ուշադրությունը», — ասաց Փաշինյանը։

Նա ժպիտով նշեց, որ վրացի լրագրողների շարքում տեսնում է ծանոթ դեմքեր, որոնք արդեն հարազատ են դարձել։ Վարչապետի խոսքով` հայկական պատվիրակությունը Վրաստան է մեկնել կոնկրետ հարցեր լուծելու և կոնկրետ հեռանկարներ բացելու համար։

«Մեր քաղաքական օրակարգում հատուկ տեղ է զբաղեցնում Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը, մենք միշտ զբաղվել ենք այդ հարաբերությունների առաջխաղացմամբ», — ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` հայ-վրացական համագործակցությունն ունի պատմական, դարավոր, մարդկային հիմք, և Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է վրացի գործընկերների օգնությամբ խորացնել այդ հարաբերությունները։

«Մենք քննարկել ենք հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի հեռանկարը, և մեր հայացքները համընկնում են», — ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հայկական պատվիրակությունը գտնվում է Թբիլիսիում, որպեսզի հաստատի բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը շարունակելու պատրաստակամությունը։

«Հույս ունեմ առաջիկայում ձեզ տեսնել Երևանում», — Կվիրիկաշվիլուն դիմեց Փաշինյանը` հավելելով, որ Վրաստանը բարձր մակարդակում ներկայացված կլինի Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում։

Հայկական պատվիրակությանը «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Ավելի ուշ տեղի է ունեցել Փաշինյանի և Ջանելիձեի հանդիպումը։