Փաշինյանը հասավ Թբիլիսի. ո՞ւմ հետ կհանդիպի և ո՞ւր կգնա վարչապետը. տեսանյութ

Հայկական պատվիրակությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանեց Վրաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայկական պատվիրակությունը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի։ «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորեցին Վրաստանի արտգործնախարար, փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը և դիվանագիտական ներկայացուցչության այլ անդամներ։

Փաշինյանի այցը Վրաստան. ինչպես կարձագանքի Ադրբեջանը

Օրվա առաջին կեսին նախատեսված են Փաշինյանի հանդիպումները վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի, կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հետ։

Փաշինյանը Հերոսների հրապարակում ծաղիկներ կդնի։

Օրվա երկրորդ կեսին նախատեսված են բաց ձևաչափով հանդիպումներ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նա կայցելի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն, Սուրբ Գևորգ եկեղեցի։

Երեկոյան կկայանա հանդիպում Վրաստանի իշխանությունների, երկրում հավատարմագրված դիվանագետների և հայ համայնքի ներկայացուցիչների, նեղ ձևաչափով հայ պատգամավորների հետ։

Մայիսի 31-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Վրաստանի Սամցխե Ջավախք հայաբնակ շրջան։

«Վարչապետը կարճ կանգառներով կայցելի Ծալկա, Նինոծմինդա, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ», — հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական էջում։

Այնուհետև կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-26-ին կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առաջին աշխատանքային այցը Վրաստան։

ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի