Գյումրիում 2 եղբայրներին սպանած կասկածյալը հայտնաբերվեց. տեսանյութ

Ոստիկանները հայտնաբերել են օրեր առաջ Գյումրիում 2 հոգու սպանած կասկածյալին, հայտնաբերվել է նաև ինքնաձիգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Գյումրի քաղաքի բնակիչ Գարեգին Ֆռանգուլյանը մեղայականով ներկայացել է Կումայրիի բաժին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նա այս տարվա մայիսի 17-ին Գյումրիում ինքնաձիգով 2 հոգու սպանության կասկածյալն է։

Ծեծկռտուք Երևանում. ԱԺ պատգամավորի որդուն բերման են ենթարկել

Ըստ կայքի` Ֆռանգուլյանը ներկայացրել է նաև «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, որը, ըստ տեղեկությունների, հանցագործության գործիքն է։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգել էին, որ իրենց մոտ են տեղափոխել երկու անձի դի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր տուժողների ինքնությունը, պարզվել էր նաև, որ նրանք հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ-ին։

Պարզվել էր նաև սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997թ.:

Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանությունը սկսվել է 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում՝ տուժողներից մեկի եղբոր և 1997 թ. ծնված գյումրեցու մասնակցությամբ, որի ժամանակ վերջինս ծեծի է ենթարկել տուժողներից մեկի եղբորը։ Ավելի ուշ կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում՝ տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ինքնաձիգից կրակոցներ է արձակել ավելի վաղ իր կողմից բռնության ենթարկված երիտասարդի եղբոր և հորեղբոր որդու ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից նրանք մահացել են։