«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում ԱԱԾ ստուգումներն օրինական են. Մաշադյան

Ստուգում են կեղծ մասնավոր ձեռներեցներին, որոնց միջոցով սուպերմարկետները միրգ և բանջարեղեն են վաճառում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության գործողություններն օրինական են։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ԱԱԾ-ն ստուգումներ է անցկացնում «Երևան Սիթի» սոuպերմարկետների ցանցում։

«Իմ տեղեկություններով` տվյալ տնտեսվարողի մոտ ԱԱԾ գործողություններ են իրականացվում: ՊԵԿ-ից ոչ ոք այնտեղ չի այցելել։ Ստուգում են անհատ ձեռներեցներին, որոնք սուպերմարկետի տարածքում միրգ և բանջարեղեն են վաճառում»:

Նրա խոսքով` օրենքը դա չի արգելում, բայց արդյունքում բյուջե փող չի մտնում ոչ միայն «Երևան Սիթիից», այլ նաև մյուս առևտրի ցանցերից։

Հերթը հասավ Սամվել Ալեքսանյանին. «Երևան սիթիի» գլխավոր գրասենյակը խուզարկում են

Ավելի վաղ սուպերմարկետները բողոքել են, որ բարդ է գյուղացիներից միրգ ու բանջարեղեն գնելը. նրանք ՀԴՄ կտրոնով չեն աշխատում, իրենք էլ ստիպված վճարում են երկու անգամ` իրենց և գյուղացի մատակարարների համար։ Ուստի հարկային մարմինը թույլ է տվել նրանց միրգ և բանջարեղեն վաճառել մասնավոր ձեռներեցների միջոցով` ոչ թե 20 տոկոս ԱԱՀ, այլ շրջանառության 5 տոկոս հարկ վճարելով։

Sputnik Արմենիայի հարցին, թե այդ մասնավոր ձեռներեցներն արդյո՞ք կապված են առևտրի ցանցերի հետ, Մաշադյանը հայտարարեց. «Դժվար է նման կապ հաստատելը»։

Նա նշեց, որ թույլտվությունը վերաբերել է միայն տեղի մրգին ու բանջարեղենին (որոնք գնում են գյուղացիներից), այլ ոչ թե ներկրվող բանանին, նարնջին։

Ամեն դեպքում, ԱԱՀ-ն պետք է ամբողջությամբ վճարվի, և հարկայինում կարծում են` թող բիզնեսը մտածի, թե այն ինչպես բաշխի շղթայում։