Փաշինյանի «տաբուն». ինչի՞ մասին ՀՀ վարչապետը չի խոսի Վրաստանում

Հայկական կողմը երբեք չի բարձրացրել աբխազական երկաթուղու հարցը վրացի գործընկերների հետ պաշտոնական բանակցությունների ժամանակ, ասել է փոխվարչապետ, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Աբխազիայում երկաթգծի մի հատվածի վերականգնումը չի քննարկվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Ռուսթավի 2»–ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին։

Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով անցնող երթուղիները նշված են 2011 թվականի «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագրում։ Աբխազիայի երկաթգիծն ու Ռոքյան թունելը կարող են օգտագործվել որպես այլընտրանք «Վերին Լարսին»։

Լարսի դժվար ճանապարհը. Պրահայում է այլընտրանք չգտնվեց

«Հայաստանի և Վրաստանի միջև պաշտոնական բանակցությունների ժամանակ հայկական կողմը ոչ մի անգամ չի բարձրացրել աբխազական երկաթուղու հարցը։ Այսօր ևս, նման բան չեմ սպասում, թեև չեմ երաշխավորում», – ասել է Կումսիշվիլին։

Նա ընդգծել է, որ Վրաստանի համար Հայաստանը հարևան, բարեկամ, եղբայրական երկիր է, որի հետ լուրջ տնտեսական կապեր են հաստատվել։

«Վերին Լարսի» այլընտրանքային երթուղիների մասին հարցը քննարկվել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու միջև 2017 թվականի փետրվարի 24-ին։

Այն ժամանակ Կարեն Կարապետյանը վրացական կողմի հետ բանակցությունների մանրամասները չբացահայտեց։