«Նա մեր նախագիծը հավանեց, մենք էլ` նրան». Մակունցը Թբիլիսիում հանդիպել է դերասաններին

Հայաստանի մշակույթի և սփյուռքի նախարարներ Լիլիթ Մակունցն ու Մխիթար Հայրապետյանը ծանոթացել են Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի նոր շենքի շինարարության նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը լավ տպավորություն է թողել Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի աշխատակազմի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։

ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մակունցն այսօր Թբիլիսի է ժամանել։ Այցի շրջանակներում մշակույթի նախարարն իր վրացի գործընկեր Միխայիլ Գեորգաձեի հետ ծանոթացել է Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի նոր շենքի շինարարության նախագծին։

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին. մանրամասներ է հայտնում Վրաստանի վարչապետը

«Նախարար Մակունցը հավանել է թատրոնի նոր շենքի նախագիծը, մենք էլ նրան ենք հավանել», – ասաց Բայանդուրյանը։

Թատրոնի անձնակազմի հետ հանդիպմանը ներկա էր նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրանց հայտնել են, որ Թբիլիսիի հայկական թատրոնի թատերախումբը հունիսի 4-ին Երևանում կներկայացնի «Անձրևոտ օր» ներկայացումը։

Հայ նախարարները խոստացել են անպայման ներկա գտնվել ներկայացմանը։

Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ մոտ օրերս կսկսվի հին շենքի քանդման գործընթացը, և դրա փոխարեն 2.5 տարվա ընթացքում կկառուցվի նոր, տեխնիկապես հագեցած թատրոն, որը արտաքնապես ոչինչով չի տարբերվելու նախկինից։

«Կկառուցվի նաև փոքր դահլիճ և հյուրերի համար նախատեսված 4 հյուրանոցային համար», – ավելացրեց Բայանդուրյանը։

Նոր թատրոնի կառուցման հարցը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն իր վրացի գործընկերոջ հետ բազմիցս քննարկել է։

Ակնկալվում է, որ հայկական թատերախումբը նոր արդիականացված շենք կունենա 2020 թվականի վերջին։

Թատրոնի ֆինանսավորումն ամբողջությամբ ստանձնել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Առաջին անգամը չէ, որ նա օգնում է Վրաստանի հայ համայնքին։ Ավելի վաղ նա ֆինանսավորել է նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները։