Քամին կուժգնանա, եղանակը կցրտի. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները

Առաջիկա օրերի կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն. անձրևը դադարելու մտադրություն չունի, իսկ դրան կգումարվի նաև օդի ջերմաստիճանի նվազումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Մայիսյան վերջին օրերը նույնպես «թաց» կլինեն։ Այս մասին են վկայում «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները, որոնց համաձայն` մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

«Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես անձրև կտեղա, մայիսի 30-ին` ժամանակ առ ժամանակ, իսկ 31-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին։ Քամու ուժգնությունը մայրաքաղաքում կարող է հասնել 15-20 մ/վ արագության։

Այսօր` մայիսի 30-ին, Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 24-26, գիշերային ժամերին` 15-17 աստիճան տաքություն։