ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության առաջիկա նիստում կորոշվի, թե ովքեր են փոխարինելու իրենց պաշտոններից հրաժարված մարզպետներին։
ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են Արարատի մարզպետ Արամային Գրիգորյանին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին ազատելու մասին հարցերը։
Միաժամանակ, նրանց փոխարեն առաջարկվում է Արարատի նոր մարզպետ նշանակել Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանին, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, ծնունդով Տավուշի Չինարի գյուղից Ռոմանոս Պետրոսյանին, Տավուշի մարզպետ` Իջևանի գործող քաղաքապետ Վահե Ղալումյանին, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանին, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ.–ի ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանին։
Իսկ Արագածոտնի մարզպետի պաշտոնում կվերանշանակվի իշխանափոխության արդյունքում հրաժարական ներկայացրած նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը։