Թուրքիայի ակտիվացումը մտահոգիչ է. Հայաստանը ռազմական կցորդ կուղարկի Լիբանան և Ղազախստան

Հայաստանը փորձում է տեղյակ լինել ռազմական ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությանն ու քայլերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանը Լիբանանում ու Ղազախստանում ռազմական կցորդներ կունենա։ Համապատասխան որոշման նախագծերը կքննարկվեն կառավարության հունիսի 1-ի նիստում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացված նախագծով նպատակահարմար է համարում հատկապես այս երկու երկրներում ՀՀ դեսպանություններին կից ռազմական կցորդների հաստիքներ ստեղծելու անհրաժեշտությունը։

Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող

«Ռազմական կցորդի բացակայությունը հանգեցնում է նաև պետական կարևորության ռազմաքաղաքական բնույթի տեղեկատվության սղությանը»,– ասված է նախագծում։

Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդության հիմնումը Հայաստանի իշխանությունը կարևորում է հատկապես միջինասիական տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ոլորտում իրականացվող համագործակցությանն առավել օպերատիվ հետևելու, ամբողջական, իրական ու կանխարգելիչ տեղեկատվությանը ժամանակին իրազեկված լինելու տեսակետից:

«Հատկանշական է, միջինասիական տարածաշրջանում ՀՀ ռազմական կցորդության բացակայության խնդրի լուծումը նույնպես համարվում է խիստ անհրաժեշտ, քանի որ հետխորհրդային երկրների հետ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Անկարան, Ղազախստանի և Ադրբեջանի առաջնորդների աջակցությամբ, էականորեն կակտիվացնի իր պանթուրքիզմի քաղաքականությունը (Ղազախստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան) սեփական իշխանության տարածման համար նշված պետությունների հետ հարաբերությունների հաստատման գործում»,– ասված է որոշման նախագծում:

Հայաստանի վարչապետը «թափահարվել» է Ղազախստանում

Լիբանանում ռազմական կցորդի առկայությունը ՀՀ կառավարությունը կարևորում է Միջին Արևելքում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական թեժ զարգացումներով։

Լիբանանի Հանրապետության հետ միջազգային ռազմական համագործակցության հիմք է կազմում 2001թ. օգոստոսի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Ղազախստանի հետ ռազմական համագործակցության հիմքը դրվել է 2012թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրով, որն ուժի մեջ մտնել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին: Ի դեպ, Ղազախստանի Հանրապետության ռազմական կցորդը ՀՀ–ում հավատարմագրված է 2012թ.–ին։

Ի դեպ, ոչ Միջին Արևելքի, ոչ էլ Միջին Ասիայի որևէ երկրում Հայաստանը ռազմական կցորդներ այս պահի դրությամբ չունի։