ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է, որովհետև դա բացասական ազդեցություն է ունենալու բանակցային գործընթացի վրա։ Այսօր Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին` Նախիջևանի հատվածում, ադրբեջանական կողմի ակտիվության մասին ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք` բոլոր կողմերը, պետք է ջանքեր ուղղենք, որ բացառենք նման երևույթները։ Քանի որ մտադիր ենք մնալ բանակցությունների մեջ և կարգավորում վարել խաղաղ բանակցությունների միջոցով։ Դրա համար պետք է բացառվեն խաղաղությունը խաթարող բոլոր գործողությունները»,–ասաց Մնացականյանը։
Նախարարի գնահատմամբ` բանակցություններին հարվածող քայլեր են նաև Բաքվից պարբերաբար հնչող հայտարարությունները, որոնք վկայում են, որ հակառակորդը չի նպաստում խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը։ «Բանակցությունները չեն կարող ընթանալ մի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորտ»,–հիշեցնում է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Պատասխանելով Ադրբեջանի իր պաշտոնակցի և Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպումների մասին հարցին`Զոհրաբ Մնացականյանը խորհուրդ տվեց չշտապել։
«Դուք գիտեք, որ ես հեռախոսազրույցներ եմ ունեցել խնդրի կարգավորմամբ զբաղվող պաշտոնյաների հետ, և դա շարունակական գործընթաց է։ Մենք հաշվարկված քայլերով առաջ ենք գնում։ Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին, ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` բանակցային գործընթացն իրենք մտադիր են կառուցել մինչև այսօր եղածի վրա, և խաղաղ բանակցությունների միջոցով հասնել մնայուն խաղաղություն հաստատելուն։