ՀՀԿ–ից ևս մեկ պատգամավոր կհեռանա. ո՞վ է հաջորդը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀԿ-ից հեռացող հաջորդ պատգամավորն իշխանության հետ հին հաշիվներ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին:

«Հակոբյանը ԱԺ ևս երկու գումարման պատգամավոր է եղել: Նա ՀՀԿ-ական իշխանության հետ հին հաշիվներ ունի. նրան պատկանող ընկերություններում հարկային մարմինները ստուգումներ էին իրականացրել ու անհիմն մեծ տուգանքներ նշանակել, և Հակոբյանին բաժնետիրության սկզբունքով պատկանող «Կիլիկիա գարեջուր» ընկերությունը տևական ժամանակ դատական վեճերի մեջ էր հարկային մարմինների հետ»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի՝ իշխանությանը մոտ կանգնած ինչ-որ անձինք աչք ունեին գործարանի վրա և փորձում էին ճնշում գործադրել՝ դրան կամ դրա մի մասին տիրանալու համար: Հիմա Հակոբյանը կարող է վարձահատույց լինել իր նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքի համար: