Վարկի փոխարեն հարկ. եթե գյուղացին վարկից ազատվի, ստիպված է լինելու հարկ վճարել

Կենտրոնական բանկն այսօր մեկնաբանել է, թե ինչ հետևանքներ կունենա գյուղացուն վարկից ազատելու նախաձեռնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Եթե պետությունը գյուղացուն ազատի գյուղվարկերի դիմաց չվճարած տույժ-տուգանքներից, գյուղացին պետք է դրա փոխարեն հավելյալ հարկ վճարի. սա Հայաստանի ներկա օրենսդրության պահանջն է։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Ներում իրականացնելու համար կան օրենսդրական որոշակի սահմանափակումներ, որովհետև, եթե ինչ-որ մեկին ներվում են տուգանքները, դա նաև այդ անձի համար եկամուտ է համարվում, հետևաբար պետք է նաև հարկվի, կամ պետք է հարկվի բանկը»,- ներկայացնելով վարչապետի հանձնարարության իրավական հետևանքները` ասաց ԿԲ ներկայացուցիչը։

Գյուղացուն հավելյալ ֆինանսական պարտավորությունից, բանկերին էլ հավելյալ ֆինանսական տույժերից ազատելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ քննարկումների արդյունքում արդեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակել։

Բիզնեսը սպասողական փուլում է, ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի

«Եթե ներվի, ապա պետք է հարկային պարտավորություն չառաջանա` ո՛չ նրա համար, ում ներվել է, ո՛չ նրա համար, ով ներում է, ինչը նորմալ պրակտիկա է ամբողջ աշխարհում»,- ասաց Գրիգորյանը։

Օրենսդրական նախաձեռնությունն այս պահին վերաբերում է բացառապես գյուղացիական վարկերին։ Վարկերի այլ տեսակների բեռից տուժած քաղաքացիներին աջակցելու մտադրություն այս պահին ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ԿԲ-ում չունեն։

ԿԲ-ում, ի դեպ, չեն կիսում այն տեսակետը, թե տոկոսադրույքները Հայաստանում չափազանց բարձր են։ Անդրանիկ Գրիգորյանի խոսքով` վերջին 10 տարում հայաստանյան բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքները կայուն նվազում են։ Ըստ նրա` 2014թ-ից մինչ օրս դրանք նվազել են 4%-ով` անկախ նրանից, թե ով է եղել իշխանության գլխին։

ԿԲ պաշտոնյան նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընթացքում տոկոսադրույքների կտրուկ նվազում դեռ չի արձանագրվել։

Հիշեցնենք` մայիսի 17-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր գյուղվարկերին ու կարևորել գյուղացուն վարկային բեռից ու դրանց դիմաց կիրառված տույժ-տուգանքներից ազատելու հարցը։ Վարչապետը ԿԲ նախագահին ու կառավարության ֆինանսական ոլորտի ղեկավար անդամներին հանձնարարել էր ուսումնասիրել խնդիրն ու ուղիներ գտնել գյուղացիներին ֆինանսական լրացուցիչ բեռից ազատելու, նրանց վարկային պատմությունները համաներելու և նոր վարկեր ստանալու հնարավորություն ընձեռելու համար։