Հայաստանի հանքերում ստուգումներ կանցկացվեն. Ծառուկյանի ընկերությունը բացառություն չէ

Ստուգումներ կլինեն բոլորի մոտ, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի, հավաստիացրեց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Կառավարությունը ստուգումներ կիրականացնի Հայաստանի հանքերում և կուսումնասիրի ֆինանսական հաշվետվությունները։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Սամվել Կարապետյանի ձեռքից ուզում են վերցնել Հայաստանի բարձրավոլտ ցանցերի բանալին

Ընդերքի տեսչությունը քննարկումներ է անցկացնում հանքերի մենեջերների հետ, երբ տեղեկատվությունն ավելի հստակ լինի, ստուգումների մասին որոշում կընդունվի։

Հարցին, թե բացառություն չի արվի՞ Գագիկ Ծառուկյանի համար (որի կուսակցությունն է ներկայացնում Արթուր Գրիգորյանը), նախարարը բացասական պատասխան տվեց։

«Գագիկ Ծառուկյանն ընդերքօգտագործման իրավունք ունի։ Բայց նա թաքցնելու բան չունի։ Մենք զրուցել ենք նրա հետ, ասել է, որ եթե ստուգումներ լինեն, ապա թող սկսեն իրենից։ Մենք բաց ենք աշխատելու։ Դուք ամեն ինչի մասին կիմանաք», — հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանքերում ստուգումներ իրականացնելու անհրաժեշտության մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։