ԵՊՀ ռեկտորի մասին լուրն ուսանողներին ստիպեց դադարեցնել դասադուլը

ԵՊՀ–ում դասապրոցեսը բնականոն հունով չի ընթանում։ Դասադուլին միացած ուսանողները լսարան չեն գնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջության վատթարացման պատճառով ուսանողները դադարեցնում են դասադուլը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

«Հաշվի առնելով, որ Արամ Սիմոնյանի առողջությունը վատացել է, մենք`ի աջակցություն, դադարեցրել են բողոքի ակցիաները` գործադուլները, դասադուլները։ Բայց գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Ուսանողներն են գալիս պարապելու, դասախոսներն են գալիս, քննարկումներ են անում, խոսում են խնդիրների մասին, մինչև տեսնենք` իրադարձություններն ինչպես են զարգանում»,- ասաց նա։

Նշենք, որ թեև բողոքի ակցիայի կազմակերպիչները դասադուլը դադարեցնելու մասին հայտարարություն են տեղադրել նաև սոցիալական կայքերի իրենց էջերում, բայց համալսարանի ֆակուլտետներում դասապրոցեսները հիմնականում խափանված են։ Ուսանողներից շատերը ֆակուլտետների մասնաշենքերում են, բայց լսարան չեն մտնում։

Ի՞նչ վիճակում է հիվանդանոց տեղափոխված ռեկտորը

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ առավոտից համալսարանում են, բայց դասի չեն նստել, փոխարենը պատրաստվում են գնալ կենտրոնական մասնաշենք, միանալ գիտխորհրդի դահլիճում հավաքվածներին։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տա, հոգաբարձուների խորհուրդը լուծարվի, համալսարանում աուդիտ անցկացվի և ժամանակավորապես դադարեցվի ուսխորհրդի և արհմիության գործունեությունը:

Ռեկտորը հանդիպեց դասադուլ հայտարարած ուսանողների հետ` նշելով, որ իր հրաժարականի պահանջն իրավաչափ չէ:

Ի նշան բողոքի` ուսանողները փակեցին դահլիճի դուռը, ինչի հետևանքով ռեկտորի ինքնազգացողությունը վատացավ։

Նույն օրը երեկոյան Արամ Սիմոնյանին տեղափոխել են հիվանդանոց: