Սերժ Սարգսյանի քարոզարշավի երգի հեղինակը Վերահսկողական ծառայության պետի տեղակալ նշանակվեց

Երեք նոր տեղակալներից համեմատաբար հավաստի տվյալներ կան միայն մեկի` երգի հեղինակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության երեք տեղակալների նշանակումների մասին որոշումներ է ստորագրել։ Նոր տեղակալներն են Հայկ Սարգսյանը, Ալբերտ Աբգարյանը և Տիգրան Ուլիխանյանը։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց թաքուն նամակներ ստացող պաշտոնյային

Ալբերտ Աբգարյանը 2013թ-ին գրել է «Դեպի կայուն Հայաստան» երգը, որը դարձել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հիմնը։

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում: Հետո ավելի ուշ ես որոշեցի իմ երախտագիտությունը հայտնել նրան երգի տեսքով: Երգ՝ Հայրենիքի մասին: Դա պարզապես նվեր էր: Ի՛մ նվերը ի՛մ երկրի նախագահին», — ասել է Աբգարյանը 2013թ-ին։

Մյուս երկու նշանակումների մասին հավաստի տեղեկություն չկա։ Տիգրան Ուլիխանյանին հաճախ շփոթում են «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը նրա մասին չէ։

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, նա, հավանաբար, Հայաստանի Հանրային խորհրդի անդամ է, տնտեսագետ, 69 տարեկան է։ Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետի կայքում ոչ մի տվյալ չկա Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության պետի նոր տեղակալի մասին։