Կառավարությունը կքննարկի լույսի ու գազի սակագների նվազման հնարավորությունը

Նախընտրական պոպուլիզմ չկա, վստահեցրեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Նոր կառավարությունը կուսումնասիրի էլեկտրաէներգիայի ի և գազի սակագների նվազեցման հնարավորությունը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում այս մասին ասաց լրագրողներին։

Հարցը քննարկվում է էլեկտրաէներգիայի և գազի օպերատորների, ինչպես նաև Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ։ Նրա խոսքով` հերթական քննարկումն անցկացվել է երեկ։

«Մենք կուզեինք այդ հարցը լուծել մինչև օգոստոս։ Բայց հիմա ոչինչ ասել չենք կարող։ Ամեն ինչ պարզ կլինի քննարկումներից, այդ ընկերությունների ծախսերի ու եկամուտների մանրամասն ուսումնասիրությունից հետո»,- ավելացրեց Գրիգորյանը։

Նախարարը վստահեցրեց, որ քաղաքական թաքուն նպատակներ չկան, որևէ մեկը չի փորձում ընտրազանգված գրավել` խորհրդարանական արտահերթ ընտրությունների հույսով։

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի անդամ է նաև Արթուր Գրիգորյանը։