ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարզիչ Վարդան Մինասյանի վերադարձից հետո առաջին հանդիպումն անցկացրեց: Ավստրիայում մեր ընտրանին 1:1 հաշվով ավարտեց Մալթայի հավաքականի հետ հանդիպումը:
Մեր հավաքականի կազմում նորամուտը գոլով նշանավորեց Իվան Յագանը խաղի 13-րդ րոպեին, բայց առաջին խաղակեսի վերջին րոպեին մեր ընտրանու դարպասին նշանակվեց 11 մետրանոց, ինչի շնորհիվ էլ մրցակիցը վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանը դիմեց բազմաթիվ փոփոխությունների (ստուգողական խաղերին բնորոշ երևույթ), բայց մեր թիմին չհաջողվեց արդյունքի հասնել: Նույնը վերաբերվում է նաև մալթացիներին, որոնք խաղավերջում փոփոխությունների միջոցով արդեն ժամանակ էին ձգձգում: Հանդիպման ավարտից 15 րոպե առաջ, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց Վարազդատ Հարոյանը:
Մեր ընտրանին տասը խաղացողներով ավարտեց հանդիպումը ու արդեն նախապատրաստվելու է հաջորդ խաղին:
Հունիսի 4-ին Ավստրիայում մեր հավաքականը ևս մեկ ստուգողական խաղ կանցկացնի, որում մրցակիցը լինելու է Մոլդովայի ընտրանին: