Սկանդալ հայկական շոու բիզնեսում. ինչո՞ւ Սոնա Շահգելդյանը ելույթ չունեցավ Երևանի համերգում

Մայիսի 28–ին Երևանում շոուի բիզնեսի աստղերի մասնակցությամբ համերգ տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ, սակայն ոչ բոլոր հրավիրված արտիստներին հաջողվեց ելույթ ունենալ միջոցառմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայտնի էստրադային երգչուհի Սոնա Շահգելդյանը չի կարողացել ելույթ ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակին նվիրված տոնական համերգին։ Այդ մասին երգչուհին գրել է Facebook-ի իր էջում։

Երգչուհին ներողություն է խնդրել, որ նախօրեին այդպես էլ բեմ չի բարձրացել, բայց նշել է, որ ինքը մեղավոր չէ։

«Ցանկանում եմ ներողություն հայցել իմ հայրենակիցներից, որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։ Մեղքը բնավ իմը չէր։ Բանն այն է, որ Mezzo Production-ն էր կազմակերպչական սխալներ թույլ տվել», — գրել է նա։

Ավելի վաղ համերգի կազմակերպիչները դիմել են երգչուհուն` առաջարկելով ելույթ ունենալ տոնական համերգին։

«Ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը։ Սիրելի կազմակերպիչներ, կարծում էիք` որոշներին դուր չէ՞ր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան», — ավելացրել է երգչուհին։

Mezzo Production-ի տնօրեն Անի Սաղոյանը Sputnik Արմենիային մեկնաբանեց այդ միջադեպը` նշելով, որ ելույթի ձախողման պատճառը երգչուհու անճշտապահությունն է։

Նա հայտնեց, որ երգչուհին ուշացել է և չի եկել նշանակված ժամին։

Դեռ մինչև համերգը Սոնան ասել էր կազմակերպիչներին, որ ցանկանում է ելույթ ունենալ 22։30-ին` տոնական հրավառությունից հետո։

«Երգչուհին ցանկություն է հայտնել բացել համերգը հրավառությունից հետո, ինչպես նաև ելույթ ունենալ եզրափակիչ մասում։ Քանի որ Սոնան ուշացավ առաջին ելույթից, մենք որոշեցինք, որ նա ելույթ կունենա վերջում», — ասաց Սաղոյանը։

Նա ավելացրեց, որ կազմակերպիչները մի քանի անգամ հեռախոսով կապ են հաստատել Սոնայի հետ, և ամեն անգամ նա պատասխանել է, որ արդեն մոտենում է։

Mezzo-ի տնօրենը նշեց, որ իրենք միշտ գործում են երկրի օրենսդրությանը համապատասխան։ Առավել ևս, որ համերգը կազմակերպված էր պետական և ոչ թե մասնավոր բեմում։

Սաղոյանն ավելացրեց, որ կազմակերպիչները չէին կարող երկարացնել համերգը հանուն Սոնայի։

Օրվա կադր. Շքեղ հրավառությունն ազդարարեց տոնի ավարտը

Mezzo Production —ի ղեկավարը նշեց, որ ընկերությունն արդեն երկար տարիներ համագործակցում է արտասահմանյան հայտնի արտիստների հետ, և մինչև հիմա ոչ մի կազմակերպչական խնդիր չի առաջացել։

Այնուամենայնիվ, նրանք պատրաստ են շարունակել Սոնայի հետ համագործակցությունը, բայց միայն այն դեպքում, եթե երգչուհին ավելի ճշտապահ լինի։

Մայիսի 28-ի ցերեկը «Սարդարապատ» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել ռազմական շքերթ, իսկ երեկոյան Երևանում կայացել է տոնական համերգ` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։ Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և օտարերկրյա հյուրեր։