ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Եգիպտացի իրավաբան Բասեմ Վախբան 1 մլրդ եվրոյի հայց է ներկայացրել «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի դեմ, հայտնում է Goal.com–ը։
Հիշեցնենք, որ եգիպտացի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը «Լիվերպուլի» հարձակվող է։ Նա վնասվածք էր ստացել չեմպիոնների լիգայի եզրափակչում Ռոմոսի հետ բախումից հետո «Ռեալի» դեմ խաղում (1:3)։ Եգիպտացուն փոխարինել էին և այժմ նա կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը, որը Եգիպտոսի հավաքականի համար 28 տարվա ընթացքում առաջինն է։
«Ռամոսը գիտակցաբար վնասվածք է հասցրել Սալահին և պետք է պատժվի իր արարքի համար: Ես հայց եմ ներկայացրել ՖԻՖԱ։ Պետք է պահանջեմ փոխհատուցում, որը կարող է գերազանցել 1 մլրդ եվրոն` ֆիզիկական և հոգեբանական վնասի համար, որ Ռամոսը հասցրել է Սալահին և Եգիպտոսի ժողովրդին»,- ասել է Վախբան։
Ըստ փաստաբանի՝ փոխհատուցում ստանալու դեպքում ինքը դրամական միջոցները կնվիրաբերի եգիպտական բարեգործական հիմնադրամներից մեկին:
Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլ»-ին։ Սալահը հանդիպման 30-րդ րոպեին արքայական ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ բախման ընթացքում ստացած ուսի վնասվածքի պատճառով փոխարինվել է։