Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հակահարվածներ է խոստանում

Վարչապետը մեկնաբանեց «Երևան սիթիում» իրականացվող ստուգումներն ու բոլորին կոչ արեց կամավոր վճարել թաքցրած հարկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Այն, որ նոր կառավարությունը հայտարարել է, թե վենդետաներ չի անելու, չպիտի ընկալվի որպես թուլություն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, ջախջախիչ հակահարված կստանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանելով «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ԱԱԾ-ի սկսած ստուգումները, Փաշինյանն ասաց. «Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան և պետության նկատմամբ իրենց պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ ոք չմտածի, թե կարող է պետությանը խաբել»։

Վարչապետը կոչ արեց կամավոր գալ հարկային դաշտ, վերահաշվարկել նախկինում չվճարված հարկերը, որպեսզի դա չանի ԱԱԾ-ն։

Հիշեցնենք` երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ այս օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: Ըստ ԱԱԾ-ի բացահայտման` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: