«Վատ է, եթե Փաշինյանը Նժդեհին նույնացնում է ՀՀԿ-ի հետ». Շարմազանով

Ազգի նվիրյալներին չի կարելի բաժանել «մերոնցի» ու «ձերոնցի», վստահ է նա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Վատ է, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Նժդեհին նույնացնում է ՀՀԿ- հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա ափսոսանք հայտնեց, որ մայիսի 28-ի զորահանդեսին ու տոնակատարություններին չէին հիշատակվել Գարեգին Նժդեհի, ինչպես նաև Ղարաքիլիսայի մյուս հերոսների անունները:

«Չեմ կարող ասել` միտումնավոր էր Նժդեհին չնշելը, թե ոչ: Եթե պատճառն այն է, որ չեն ուզում նույնանալ ՀՀԿ-ի հետ, ապա դա շատ վատ է: Որովհետև Նժդեհը տասնյակ անգամ մեծ է, քան Հանրապետականը կամ էլ ցանկացած կուսակցություն»,- ասաց Շարմազանովը:

Չհնչեց նաև Դաշնակցության անունը, ինչը ևս զարմացրեց Շարմազանովին: 1918-20-ին Դաշնակցությունը լոկ կառավարող ուժ չէր. այն ոգեշնչել է ողջ ազատագրական պայքարը, ընդգծեց նա:

«Անկախ մեկի կամ մյուսի քաղաքական դիրքորոշումից, Դաշնակցությունը ազգային արժեք է, ինչպես մեր այլ ազգային կուսակցությունները՝ Ռամկավարն ու Հնչակյանը: Նեմեսիսի շարժումը, մայիսյան հերոսամարտերը, սփյուռքահայության վերածնունդը՝ այս ամենն անկարելի է պատկերացնել առանց Դաշնակցության», — հավելեց նա:

Փաշինյանը միայն մեկ ուղի ունի արտահերթ ընտրությունների հասնելու համար. Շարմազանով

«Ես ինքս հանրապետական եմ, բայց խորը հարգանք ունեմ Դաշնակցության գաղափարախոսության նկատմամբ: Եթե իմ ելույթը լիներ, ես նրանց անունը կտայի. բոլորի անունն էլ պետք է տալ: Որովհետև մայիսյան հերոսամարտերի խորհուրդը միասնությունն է: Եւ հիմնական ժառանգությունը, որ ստացել ենք այդ հաղթանակներից, այն է, որ չի կարելի «կուսակցություն-կուսակցություն» խաղալ ու սեփական երկրիդ ներսում ներքին թշնամիներ գտնել», — եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանի, Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ հայ զորքերը հաղթանակ տարան թշնամու գերազանցող ուժերի նկատմամբ և հնարավոր դարձրին Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հաղթանակները:

Մայիսի 28-ի ցերեկը «Սարդարապատ» հուշահամալիրի տարածքում ռազմական շքերթ անցկացվեց, իսկ երեկոյան Երևանում կայացավ տոնական համերգ` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։