ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Առաջին դեպքը չէ, որ մարդիկ գալիս, գնում են»

Էդուարդ Շարմազանովը հրապարակավ չքննադատեց ՀՀԿ խմբակցությունը լքած գործընկերներին։
Sputnik

 

 Հայաստանում պետք չէ սպասել խորհրդարանական մեծամասնության տապալմանը, այսօր ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողներին ասաց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դուրս եմ գալիս ՀՀԿ–ից». Վլադիմիր Գասպարյանի փեսայի հայտարարությունը

Խորհրդարանականը մեկնաբանեց խմբակցությունից Շիրակ Թորոսյանի և Արթուր Գևորգյանի` «Հանրապետական» խմբակցությունից հեռանալը։ «Թորոսյանը հեռացել է թե՛ իր դիմումի, թե՛ խմբակցության որոշման համաձայն։ Իսկ Արթուր Գևորգյանի դիրքորոշումը կստանա խմբակցության գնահատականը»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե էթիկայի տեսանկյունից ճի՞շտ է արդյոք մանդատը պահպանել խմբակցությունից դուրս գալու դեպքում, պատգամավորը պարզաբանեց. «Եթե կուսակցության հետ կան անհաշտելի տարաձայնություններ, ապա ավելի լավ է վայր դնել մանդատը»։

«Չեմ ուզում գնահատել բոլորին, կասեմ իմ անունից։ Երբ քննարկվում էր վարչապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու հարցը, ես, եթե հիշում եք, ասել էի` նույնիսկ եթե կուսակցությունը որոշի, որ ես պետք է քվեարկեմ նրա օգտին, ես դեմ կքվեարկեմ և կհրաժարվեմ մանդատից», — ասաց նա։

Շարմազանովը կարծում է, որ ընդհանուր առմամբ այստեղ պետք չէ սենսացիա որոնել։ Ե՛վ Հայաստանում, և՛ այլ երկրներում կուսակցությունները գալիս ու գնում են տարբեր պատճառներով։ Բայց ինքն իր ապագան տեսնում է բացառապես ՀՀԿ-ում։ Նա հրապարակավ չքննադատեց գործընկերներին։

Այն դիտողությանը, որ Արթուր Գևորգյանը խոսել է երկրում առկա խնդիրների մասին` Շարմազանովը պատասխանեց, որ ոչ ոք թերությունների մասին այդքան բաց և պարզ չի արտահայտվել, որքան Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ խմբակցությունից Շիրակ Թորոսյանի և Արթուր Գևորգյանի դուրս գալուց հետո ՀՀԿ-ն ամեն դեպքում պահպանում է մեծամասնությունը` 56 պատգամավոր 105-ից։