Հայոց ցեղասպանության հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. խոսնակը ճի՞շտ որոշում է ընդունել

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նիստի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը` հետագայում առաջ մղելու նպատակով, կարծում է փորձագետ Ալեքսանդր Ցինկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի` Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին օրինագիծը խորհրդարանի գալիք նիստում չքննարկելու որոշումը լիովին բացատրելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին

Նախօրեին հայտնի է դարձել, որ Էդելշտեյնը հետ է կանչել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը Քնեսեթի նիստի օրակարգից` անհարմար իրավիճակից խուսափելու համար։ Դա տեղի կունենար, եթե պատգամավորների մեծամասնությունը չաջակցեր օրենքի նախագծին։

Մայիսի 23-ին Իսրայելի խորհրդարանը 16 «կողմ» և 10 «դեմ» ձայներով հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին հարցն օրակարգ մտցնելու առաջարկը։ Էդելշտեյնն այդ ժամանակ նշել է, որ Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա նաև կոշտ է արտահայտվել քաղաքական այն գործիչների մասին, որ շահարկումներ են անում այդ թեմայով։

«Ես ի սկզբանե համոզված էի, որ օրինագիծը Քնեսեթի օրակարգ ներառելու հարցը որոշ ժամանակ կպահանջի, քանի որ ստորջրյա խութերը շատ են», — ասաց Ցինկերը։

Նա կարծում է, որ Էդելշտեյնը երկու տարբերակ է ունեցել։ Նախ` լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կողմնակից` կարող էր քվեարկության դնել օրինագիծը` միաժամանակ հասկանալով, որ հիմա դրա համար հարմար ժամանակ չէ։ Երկրորդ` նա կարող էր որոշում ընդունել շարունակել խորհրդարանական քննարկումները, արտաքին գործերի նախարարության հետ բանակցությունները, որպեսզի համոզված լինի հետագա աջակցության հարցում։

«Թուրքիա, լռի՛ր, դու պատասխանատու ես Հայոց ցեղասպանության համար». Նեթանյահուի որդի

Փորձագետը համոզված է, որ Էդելշտեյնը ճիշտ է վարվել` ընտրելով երկրորդ տարբերակը, հատկապես որ թուրքական և ադրբեջանական լոբբիստական կառույցները փորձում են տապալել օրինագիծը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Իսրայելը կվնասի ինքն իրեն։

Ցինկերի կարծիքով` Քնեսեթի խոսնակը պետք է վստահ լինի պատգամավորների մեծամասնության աջակցության հարցում։ Միայն այդ դեպքում նա կարող է հասնել դրական արդյունքի։

Եթե Էդելշտեյնը չցանկանար, որ օրինագիծն ընդունվեր, ապա այդ հարցի քննարկումը կդներ հենց հիմա` ոչ բավարար աջակցության պայմաններում։

«Եթե նա հարցը չի ընդգրկել օրակարգում, ուրեմն շահագրգռված է, որ փաստաթուղթն ընդունվի», — վստահեցրեց Ցինկերը։

Նրա խոսքով` օրինագիծը կարող են քննարկել մեկ շաբաթ կամ մի քանի ամիս անց։

Հիշեցնենք` նախորդ շաբաթ պատգամավոր Իցիկ Շմուլին («Սիոնական ճամբար») քննարկման է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Հայտնի է, որ նման օրինագիծ էր պատրաստվում ներկայացնել Քնեսեթի պատգամավոր Ամիր Օհանան («Լիկուդ»)։ Հայ ժողովրդի ողբերգությունը ճանաչելու կոչ է արել նաև «Հրեական տուն» կուսակցության առաջնորդ, Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետն ու Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը։