Քո նախնիների հետքով. Հելեն Սեգարան հուզել է մոր և Հայաստանի մասին գրառումով

Ֆրանսիական էստրադայի աստղն արխիվային լուսանկար է հրապարակել Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Հելեն Սեգարան մոր հետ և Երևանի Հանրապետության հրապարակի տեսարանով սրտառուչ լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում։

Ֆրանսիական էստրադայի աստղը մայիսի 28-ին Երևանում մասնակցել է Հայաստանի անկախության վերականգնման, Առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված գալա համերգին։

«Վերադառնալով այն երկիր, որտեղից դու ես սերում, ես քո մասին եմ մտածում, մայրիկ։ Ուղարկում եմ քեզ ամբողջ քնքշությունը և զգացմունքները, որոնք ես զգում եմ` քայլելով քո նախնիների հետքերով», — գրել է երգչուհին։

Նրա էջի բաժանորդները մաղթել են, որ Հելենը հիանալի ժամանակ անցկացնի պատմական հայրենիքում։

Հայի և իտալացու արմատներով երգչուհի Հելեն Սեգարան ծնվել է Լազուրե ափին` Թուլոնի մոտ, 1971թ-ի փետրվարի 26-ին։ Ապագա երգչուհու հայրը` Բեռնարը, իտալացի է, մայրը` Թերեզա Գասպարյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից է։ Ամուսինները բաժանվել են, երբ աղջիկն ութ տարեկան է եղել, Հելենը մնացել է մոր հետ։

 

Սեգարան ճանաչվել է «Փարիզի Աստվածամոր տաճարը» հայտնի երաժշտական-թատերական բեմադրությունում Էսմերալդայի դերի լավագույն կատարողը։ Էլենը Լյուկ Պլամոնդոնի և Ռիշար Կոչիանտեի մյուզիքլում Էսմերալդայի դերը ստացել է 1997թ-ին։ Ներկայացումը և հեռուստատեսային տարբերակը համաշխարհային ռեկորդներ են գրանցել, իսկ երգչուհին համաշխարհային ճանաչման է արժանացել։

Երգչուհին պատմական հայրենիքի մասին ասել է. «Դա երկիր է, ուր միշտ ուզում ես վերադառնալ»։

Սեգարան հաճախ է հանդիպում Ֆրանսիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է Հայաստանի աջակցությանն ուղղված բարեգործական ակցիաներին։