Ֆինանսների նախարարը հանգիստ քնելու հիմք չունի. ստվերից ոչ մի լումա դուրս չի բերվել

Կառավարության հայտարարած պայքարն առայժմ տեսանելի արդյունք չի տվել. ստվերը չի կրճատվել, ֆինանսների նախարարն էլ անհանգիստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեռ հանգիստ չի քնում։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։ Ստվերից գումարներ բյուջե դեռ չեն վերադարձվել, ինքն էլ, որպես երկրի գլխավոր ֆինանսիստ, հանգիստ լինել չի կարող։

«Դուք տեսնում եք այդ ուղղությամբ հրապարակային ձեռնարկված միջոցառումները։ Փողով արտահայտված` դեռևս շարժ չկա»,- ասաց նախարարը`անդրադառնալով կառավարության հայտարարած ստվերի դեմ պայքարին ու ստվերում գտնվող գումարները հարկային դաշտ բերելուն։

Նա նշեց, որ անհանգստություն միշտ ունի։

«Քանի որ կա՛մ այդպիսին եմ, կա՛մ այդպիսին եմ դարձել երկար տարիներ պետական ֆինանսներով զբաղվելու արդյունքում։ Այդ անհանգստությունը կփարատվի միայն այն ժամանակ, երբ այդ գումարները փաստացի արդեն հավաքված կլինեն»,- ասաց նա։

Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում, երբ քննարկվում էր գյուղվարկերի ֆինանսական համաներման հնարավորությունը, Ատոմ Ջանջուղազյանը մտահոգություն էր հայտնել, որ այն կարող է բացասաբար անդրադառնալ բյուջեի վրա: Վարչապետ Փաշինյանն էլ ասել էր, որ ստվերային գումարներ կան, որոնց տեղը համապատասխան մարմինները գիտեն։ «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք գիշերները հանգիստ քնել»,- ասել էր նա։

Պետական պարտքը մոտենում է ռիսկային սահմանին. զգուշացնում է ՀՀ ֆինանսների նախարարը

Ու թեև ստվերից դեռ ոչ մի լումա բյուջե չի մուտքագրվել, այդուհանդերձ Ատոմ Ջանջուղազյանը չբացառեց, որ 2018թ-ի գործող ֆինանսական փաստաթղթում կառավարությունը որոշակի փոփոխություններ կանի` ելնելով որոշ ծրագրեր կրճատելու կամ վերանայելու անհրաժեշտությունից։ Բայց կենսաթոշակներն ու սոցիալական վճարները դրա արդյունքում, ֆինանսների նախարարի կարծիքով, առայժմ չեն ավելանա։

«Այն պահին, երբ կզգանք, որ հավասարակշռված ֆինանսական ապահովությունն առկա է, կգնանք սոցիալական խնդիրների լուծման ճանապարհով։ Բայց շատ կարևոր է, որ չոգևորվենք սոցպարտավորությունների բեռն ավելացնել, որովհետև դա սահմանափակում է ներդրումների, հետևաբար նաև տնտեսական աճի կայուն նախադրյալներ ստեղծելու հնարավորությունները և պարտքի սպասարկման հետ կապված ռիսկեր առաջացնում»,- Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց նախարարը։

Իսկ 2019թ-ի մասին հայտարարություններ անելը ֆինանսների նախարարը վաղ է համարում` միաժամանակ, սակայն, հույս հայտնելով, որ 2019-20թթ-ին բյուջեում բեկում կառաջանա և հնարավոր կլինի ներքին ներդրումների հաշվին ավելացնել կապիտալ ծախսերը։

«Դա հենց այն երաշխիքն է, որ մենք կկարողանանք մեզ համար կայուն աճ ապահովել և դրանով կայուն պահել նաև պետական պարտքի կառավարումը»,- ասաց նա։

Մինչ այդ, սակայն, առջևում դեռ կառավարության գործունեության ծրագիրն է, որի ներկայացման վերջնաժամկետը, ֆինանսների նախարարի խոսքով, մայիսի 31-ն է։ Թե ինչ է նախատեսվելու այդ փաստաթղթում ու ինչ խոստումներ կտա ՀՀ նոր կառավարությունը, Ատոմ Ջանջուղազյանը չցանկացավ գաղտնազերծել, միայն ասաց, որ կառավարությունն անիրագործելի պարտավորություններ չի ստանձնելու։