Մի քաղաքականացրեք Հայաստանից Ռուսաստան լոլիկների մատակարարման հարցը. Ռոսսելխոզնադզոր

Հայաստանը միջոցներ կձեռնարկի Ռուսաստան արտահանվող լոլիկների բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։ Քաղաքականություն այս հարցում պետք չէ խառնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Ռոսսելխոզնադզորը դիմում է ԶԼՄ–ների ներկայացուցիչներին` խնդրելով չքաղաքականացնել Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանման հարցը։ Այս մասին Ռոսսելխոզնադզորի տնօրեն Սերգեյ Դանկվերտն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

Նախօրեին, Մոսկվայում Դանկվերտը Հայրապետյանի հետ քննարկել է Հայաստանից Ռուսաստան լոլիկների մատակարարման խնդիրները։

Ռուսաստանի ահազանգից հետո Հայաստանը խստացնում է լոլիկի արտահանման հսկողությունը

«Նշված թեմայի բոլոր հարցերը բացառապես տեխնիկական բնույթ են կրում, դրանք կապված են Ռուսաստանի տարածքում բուսասանիտարական բարեկեցության ապահովման հարցում վերահսկող մարմինների անմիջական գործառույթների կատարման հետ», – նշված է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` մայիսին Հայաստանից Ռուսաստան մոտ 9200 տոննա ընդհանուր ծավալի լոլիկներով բեռնված 450 ավտոմեքենա է տեղափոխվել։ Ընդ որում` դրանից 27–ի դեպքում Ռոսսելխոզնադզորը լոլիկների խմբաքանակի մեջ լոլիկի ցեց է հայտնաբերել։

Հայրապետյանն իր հերթին վստահեցրել է ռուսական կողմին, որ կարճ ժամկետներում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Նշենք, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է ՀՀ սննդի անվտանգության ծառայությանը` Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի արտահանման համար։ Ռուսական կողմի պարզաբանման համաձայն` մայիսին Հայաստանից արտահանված լոլիկում հայտնաբերվել էր լոլիկի վնասատու։ Բայց խմբաքանակն ապահովված է եղել ՍԱՊԾ-ի տրամադրած անհրաժեշտ բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերով։ Խոտանված ապրանքը վերադարձվել է Հայաստան։ Ռուսական կողմը պահանջել է հետաքննություն անցկացնել ու բացառել ապագայում նման դեպքերի կրկնությունը։