ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` Պարտադիր կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց նախարար Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով` նախագիծը նախատեսում է հետաձգել պարտադիր բաղադրիչն ու լրամշակել արդեն ընդունված կարգերը։
«Պետք է տեսնենք, թե ինչ փոփոխություններ է հնարավոր անել այս պահին։ Ասեմ, որ հանրությունը բավականին ակտիվ է, ու նաև գաղափարներ կան, որոնք հանրությունն է հնչեցնում։ Կարծում եմ` այդ գաղափարներն արժանի են քննարկման»,- ասաց Թանդիլյանը։
Նա չցանկացավ բացահայտել, թե ինչ առաջարկներ կան ու ինչ է քննարկվում։
Ի տարբերություն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ֆինանսների նախարարը պարտադիր կուտակային համակարգում մեծ փոփոխությունների կողմնակից չէ։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շատ ավելի կարևորում է Հայաստանի` վստահելի գործընկերոջ համբավը պահպանելը։
«Մենք պետք է կարողանանք մեր վարքագիծը դարձնել կանխատեսելի մեր բոլոր գործընկերների համար։ Եթե մեր վարքագիծը կանխատեսելի չլինի ներդրողների համար, մենք հավակնություններ չենք կարող ունենալ, որ ներդրումներ կկատարվեն»,- ասաց Ջանջուղազյանը` անդրադառնալով կուտակային կենսաթոշակային հիմնադրամների հետ պայմանավորվածությունների հնարավոր փոփոխություններին։
Հիշեցնենք` կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը, գործող կարգի համաձայն, ուժի մեջ է մտնում 2017 թ-ի հուլիսի 1-ից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հետաձգել այն մեկ տարով` մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը։
Պարտադիր կուտակային համակարգում այսօր ներառված են պետական հիմնարկների` 1974թ-ից հետո ծնված բոլոր աշխատակիցները և մասնավոր ընկերությունների այն աշխատակիցները, որոնք համակարգից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել 2015թ-ին։