92-ամյա Յաշա պապն ու Սարյանի զարդանկարները. հայ կոլեկցիոները զարմացրել է Մաքսիմ Գալկինին

Հայ կոլեկցիոներներն այնքան հյուրընկալ են, որ նրանց հաջողվում է խոշոր հավաքածուներ ձեռք բերել, կարծում է հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Երևանի հնաբնակներից մեկը` 92-ամյա Յաշա Զարգարյանը, 1963 թվականից նախշազարդած ձվեր է հավաքում։ Այսօր Յաշա պապի հավաքածուում 1079 նկարազարդած ձու կա, որոնք նա պահում է իր երկսենյականոց բնակարանում։

Յաշա պապիկը դարձել է հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի հյուրը և ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ստարշե վսեխ» հաղորդման հերթական թողարկման հերոսը։

«Ծնվել ու ապրել եմ Երևանում։ 8 տարի ծառայել եմ բանակում, 4 տարի դաշնակահարի մասնագիտություն ուսանել Գորկի քաղաքում (ներկայիս` Նիժնի Նովգորոդ)։ Հայաստանի վաստակավոր ուսուցիչ եմ», – պատմել է Զարգարյանը։

Նա խոստովանեց, որ մի փոքր հոգնել է երաժշտությունից, և որ այժմ իրեն ավելի շատ գրավում է նկարչությունը։

Գալկինը չի կարողացել կռահել հայ կոլեկցիոների տարիքը` չհավատալով, որ Յակով Սերգեևիչն արդեն 92 տարեկան է։

Ինչպես պատմեց Յաշա պապը, նախշազարդ ձվեր նա սկսել է հավաքել 54 տարի առաջ։ Մի օր Զատկի տոնին տան շքամուտքում նա պատանիների հանդիպեց, որոնք մրցում էին, թե ով ավելի շատ ներկած ձու կտանի։ Նրանցից մեկը մոտեցավ Յաշա պապին և առաջարկեց մրցել իր հետ։

Նախիջևանցի հայը զարմացրել է ռուս ճանապարհորդ լրագրողին

Զարգարյանն անմիջապես ուշադրություն դարձրեց նկարազարդած ձվի գեղեցկությանը։ Նա առաջարկեց փոխանակել այդ ձուն տասնյակ այլ ձվերով, սակայն տղան փախավ։

Այդ ժամանակ Յաշա պապը խանութից երեք ձու գնեց և հարևան Մարտիրոս Սարյանին հյուր գնաց։

«Մարտիրոս Սերգեևիչ, նկարազարդի այս ձուն», – խնդրեց Յակովը։

«Ինձ համար կյանքը` Հայաստանն է», – պատասխանեց հայտնի նկարին ու Հայաստանը նկարեց ձվի վրա։

Այդպես նրա հավաքածուի առաջին ձուն պատկերազարդեց Մարտիրոս Սարյանը։

Հայ կոլեկցիոները 70 տուփ ունի, որում 1079 ձու է շարված։ Ստուդիա նա ընդամենը 10 տուփ էր բերել։

Մոտ 900 նկարիչ Յաշա պապի համար ձու է նկարազարդել, այդ թվում` արտասահմանյան վարպետներ։

«Եթե դու հայ ես, կարող ես պայմանավորվել ցանկացած ազգի նկարչի հետ», –կատակեց Գալկինը։

Յաշա պապը շոումենին մեկ ձու փոխանցեց` խնդրելով մի գեղեցիկ բան գրել վրան։ Այնուհետև կոլեկցիոները խնդրեց Գալկինին, որ ձվի վրա ինքնագիր թողնի նաև Գալկինի կինը` Ալլա Պուգաչովան։