ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Այսօր առավոտից ԵՊՀ ուսանողները հրաժարվում են մասնակցել դասերին։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ռեկտոր Արման Սիմոնյանի հրաժարականը։
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչ, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համալսարանն ուսանողակենտրոն չէ: «Եվ այսպես շարունակվել չի կարող: Իրավիճակ է փոխվել, ժամանակներ, և եթե իրենք չեն կարողանում փոխվել, ուրեմն պետք է հեռանան»,–նշեց նա:
Համալսարանի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացնելուց հետո, ուսանողները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից իրազեկման երթ սկսեցին դեպի բուհի տարբեր ֆակուլտետներ ու մասնաշենքեր:
Իրազեկման ակցիային մասնակցում են ուսանողներ ԵՊՀ տարբեր մասնաճյուղերից:
Նրանք բարձրաձայնում են բուհում տեղի ունեցող ֆինանսական չարաշահումների հարցը:
Ուսանողները նաև հնչեցնում են «Ազատ, անկախ ուսանող» կարգախոսը: