Արտասովոր ֆլեշմոբ Երևանի մետրոյում. Կոնսերվատորիայի ուսանողները զարմացրին զբոսաշրջիկներին

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն ինքնատիպ ֆլեշմոբ կազմակերպեցին Երևանի մետրոյում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների կազմակերպած ֆլեշմոբը զարմացրեց մետրոյի ուղևորներին` թե՛ հայաստանցիներին, թե՛ զբոսաշրջիկներին։ Sputnik Արմենիային այս մասին ասաց կոնսերվատորիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Սուքիասյանը։

Флешмоб Ереванской гос.концерватории в метро

Երաժշտական անակնկալը մատուցվեց մետրոյի Երիտասարդական, Հանրապետության հրապարակ և Բաղրամյան կայարաններում։

«Ֆլեշմոբի մասնակիցներն իրենց ելույթը նվիրեցին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Երաժիշտները Կոմիտաս ու ազգային երգեր նվագեցին։ Վերջին կայարանում էլ հնչեց «Էրեբունի-Երևանը»։

«Անցորդներն ու զբոսաշրջիկները հիացած էին։ Սա առաջին ֆլեշմոբը չէր, ոչ էլ վերջինը։ Կարծում եմ` մենք հաճախ կմատուցենք նման անակնկալներ, որոնք նվիրված կլինեն այս կամ այն տոնին»,- ասաց կոնսերվատորիայի մամուլի քարտուղարը։

Նախաձեռնության հեղինակներն ուրախացել են, որ իրենց ֆլեշմոբը դուր է եկել անցորդներին։