Տղաների ստացած թոշակով առողջ մարդը չի կարող ապրել. նախագահը` քառօրյայի մասնակիցների մասին

Արմեն Սարգսյանը նախաճաշել է պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինվորների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց մեծ մասն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են։

Ինչպես է Սարգսյանը քոչարի պարում ցուցարարների հետ. տեսանյութ

Արմեն Սարգսյանը շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել բուժման ու վերականգնողական պայմաններին, զրուցել կենտրոնում բուժում ստացող երիտասարդների հետ:

Զինվորների հետ հանդիպումից հետո նա լրագրողների հետ խոսել է իր տպավորությունների մասին, մասնավորապես` կարևորել հաշմանդամություն ունեցող զինվորների ոչ միայն առողջական, այլև հոգեբանական վերականգնման ու սոցիալական ինտեգրման` կրթության և աշխատանքի հարցերը:

«Իրենց կյանքը հայրենիքի համար վտանգի ենթարկած տղաներն ունեն ընտանեկան խնդիրներ, տուն չունեն, ունեն սոցիալական խնդիրներ, և ամենացավալին այն է, որ ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել»,- ասաց նախագահը` հավելելով, որ կենտրոնում, նախաճաշի սեղանի շուրջ անկեղծ զրույց է ունեցել հայրենիքի պաշտպանների հետ ու ծանոթացել նրանց խնդիրներին։

Սարգսյանն այնքան էլ չի ողջունում ֆինանսական աջակցության պրակտիկան` ավելի կարևորելով երիտասարդների կրթության ու արտոնյալ պայմաններով աշխատանքի ընդունվելու հնարավորությունը։

Նրա խոսքով` զինվորը չպիտի կախված լինի տարատեսակ օգնություններից, այլ պետք է սեփական աշխատանքով կարողանա բավարարել իր ապրուստը:

«Առաջինը պետք է այնպես անել, որ նրանց թոշակն արժանի լինի իրենց երկրին, իրենց նվիրումին,- ասաց նախագահը,- այն երիտասարդները, որ այստեղ են գալիս, վերականգնվում են, կարող են լեզու սովորել, համակարգիչ սովորել ու վերադառնալ նորմալ կյանք»։

Մասնագիտական որակներ ձեռք բերող հաշմանդամին էլ պետք է օրենքով երաշխավորված առավելություններ տրամադրվեն։ Աշխատանքի ընդունվելիս գործատուն պետք է պարտավորվի հավասար մրցակցության պայմաններում առաջինը աշխատատեղ տրամադրել հենց հաշմանդամություն ունեցողին։