ՌԱԴԻՈ

Նիկոյան. «Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի»

Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչը Spunitk Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ռուսական կողմի հայտարարությանը։
Sputnik
Արթուր Նիկոյան

Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Spunitk Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ռուսական կողմի հայտարարությունը, ասաց ՀՀ ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը։

«Խնդիրն ամբողջությամբ մասնագիտական դաշտում է։ Մենք մշտապես կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ։ Ցանկացած խնդրի առաջացման դեպքում շատ արագ փորձում ենք լուծել այդ հարցը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հայկական լոլիկում հայտնաբերված ցեցին, Արթուր Նիկոյանի խոսքով, դա արտառոց երևույթ չէ։ Մասնագետին ավելի շատ զարմացրել է այն արձագանքը, որ այդ միջադեպն է ստացել։

Հիշեցնենք` ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է ՀՀ սննդի անվտանգության ծառայությանը` Հայաստանից Ռուսաստան ցեցով վարակված լոլիկի արտահանման համար։ Ռուսական կողմը պահանջել էր հետաքննություն անցկացնել ու բացառել ապագայում նման դեպքերի կրկնությունը։ Հայկական կողմը հայտարարել է, որ խմբաքանակն ապահովված է եղել ՍԱՊԾ-ի տրամադրած անհրաժեշտ բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերով։ Խոտանված ապրանքը վերադարձվել է Հայաստան։