Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին` այս անգամ եվրոպացի պաշտոնյայի հետ

Արցախյան հիմնախնդիրն ու ՀՀ–ԵՄ հարաբերությունները եղել են Փաշինյան–Կլաար հանդիպման առանցքում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. «Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարիի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանն ու բանակցային գործընթացին»,–նշված է հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին` Հայաստանի վարչապետը կարևորել է դրանց շարունակական զարգացումն ու կառուցողական երկխոսությունը բոլոր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ԵՄ անդամ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում և համոզմունք հայտնել, որ այն հնարավորություն կտա նոր թափ հաղորդել փոխգործակցությանն ու կնպաստի մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:

Տոյվո Կլաարն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ մինչ համաձայնագրի վերջնական վավերացման գործընթացի ավարտը երկկողմ փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել նաև համաձայնագրի ժամանակավոր կիրարկմամբ:

Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Премьер-министр Армении Никол Пашинян принял спецпредставителя ЕС по Южному Кавказу и кризису в Грузии Тойво Клаара (29 мая 2018). Еревaн