Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց` որ բուհն է ավարտել որդին

Հայ–ֆրանսիական հարաբերությունները խորանում են և ամրապնդվում, այդ թվում` մշակութային կենտրոնների, Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքների միջև համաձայնագրերի շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի որդիներից մեկն ավարտել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանը։ Այդ մասին երկուշաբթի Երևանում նա պատմեց իր ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Երկկողմ համագործակցության հաջող օրինակներից մեկը Երևանում Ֆրանսիական համալսարանի ստեղծումն է, որի գործունեությունը բարձր գնահատականի է արժանանում երկու երկրներում։ Երեխաս արդեն ավարտել է այդ համալսարանը, և դա ես ասում եմ նաև որպես ծնող», — ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` հայ-ֆրանսիական հարաբերությունները խորանում են և ամրապնդվում նաև մշակութային կենտրոնների, Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված համաձայնագրերի շնորհիվ։

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ոգեշնչել է ֆրանսիացիներին նույնանման կենտրոն ստեղծել Փարիզում։

Դավիթ Տոնոյանի որդին էլ է բանակում ծառայելու. «Խոշորացույցի տակ կհետևեք»

«Փարիզում կբացեն «ԹՈՒՄՈ»-ի նման կենտրոն։ Այն հետագայում ևս մի վայր կդառնա, որը կմիավորի Ֆրանսիան և Հայաստանը», — ասաց Մնացականյանը։

Նախարարը հիշեցրեց, որ Փարիզում գործում է հայկական մշակույթի կենտրոն, Երևանում` Ֆրանսիայի մշակութային կենտրոն` Շառլ Ազնավուրի կենտրոնի հիման վրա։ Նրա խոսքով` բոլոր այդ նախագծերը կարևոր դեր են խաղում երկկողմ կապերի ամրապնդման գործում։

«Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքների ու շրջանների միջև գործում են մոտ 70 համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնց շրջանակում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ», — ասաց Մնացականյանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Հայաստան է ժամանել ՀՀ արտգործնախարարի հրավերով։ Նախատեսված են նաև Լը Դրիանի հանդիպումները Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։