Սեյրան Օհանյանը խոսեց Արթուր Դավթյանի և Մովսես Հակոբյանի նշանակումների մասին

Օհանյանը դրվատանքի խոսքեր ասաց Մովսես Հակոբյանի մասին, իսկ Արտակ Դավթյանի նշանակումը գերադասեց չմեկնաբանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համարում է, որ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ նշանակված Մովսես Հակոբյանն ամենակատարյալ ռազմական գեներալն է։ Հակոբյանի մասին նա այսօր խոսեց Սարդարապատում` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մովսես Հակոբյանն այսօրվա մեր ռազմական ղեկավարության մեջ ամենակատարյալ ռազմական գեներալն է` իր հրամանատարական անցյալով, իր գիտելիքներով, իր ստեղծագործական մտածելակերպով և իր փառավոր մարտական անցյալով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ նշանակելուն և այն կարծիքներին, թե նրան պետք էր առհասարակ պատասխանատվության ենթարկել ապրիլյան պատերազմում թույլ տված բացթողումների համար, Օհանյանը նշեց. «Այն, ինչ ասվում է, դա այն ժամանակահատվածի մասին է, երբ ես եմ եղել պաշտպանության նախարար։ Ապրիլյան պատերազմի մանր-մունր հարցերի մասին չպետք է խոսել։ Այդ պատերազմում մենք հաղթանակ ենք տարել մեր զինվորականների սխրագործությունների շնորհիվ։ Այդ հենքի վրա մենք պետք է կառուցենք մեր բանակի ապագան»։

Նիկոլ Փաշինյանը խոսեց Արտակ Դավթյանի ու Մովսես Հակոբյանի նշանակումների մասին

Ի տարբերություն Մովսես Հակոբյանի նշանակմանը` Օհանյանը չցանկացավ մեկնաբանել ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումը։

«Ես իմ բոլոր ծառայողական, մարտական ընկերներին, զինվորներին, գեներալներին, սպաներին շատ հարգում և սիրում եմ։ Այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է իր կադրային քաղաքականությունը, և ես դա չեմ մեկնաբանում»,- ասաց նա։

Օհանյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ապահովել է շարունակական կատարելագործում, և ՊՆ-ն այն կառույցն է, որը ռազմավարական պլանավորման արդյունքում է իր գործունեությունը ծավալում։

«Իհարկե, շատ ընկերներ ունենք, որոնք արժանի են, բայց այսօրվա նշանակումները ես չեմ մեկնաբանում, որովհետև դա ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է»,- ասաց նա։

Նշենք, որ ԳՇ պետի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանը մայիսի 24-ին նշանակվեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ։

Նույն օրը ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվեց Արտակ Դավթյանը։