ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Սարամեջ գյուղը գտնվում է ՀՀ Լոռու մարզի հեռավոր լեռնային շրջանում։ Այն հիմնադրվել է 1862 թվականին Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից տեղափոխված հայերի կողմից։ Գյուղի կյանքի, դրա բացառիկ բնակիչների մասին Sputnik Արմենիա ռադիոյի եթերով հեռարձակվող «Մենք» հաղորդաշարի ընթացքում պատմում է Աշոտ Գևորգյանը։
Սարամեջից Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատ մեկնեց 268 մարդ, որոնցից 75-ն այդպես էլ չվերադարձան։
2001 թվականի մարդահամարի արդյունքներով Սարամեջում 1407 մարդ է ապրում։ Այսօր գյուղում 1115 հոգի կա։ Գյուղն իր առօրյա կյանքով է ապրում` առաջին հայացքից մյուսներից ոչնչով չտարբերվելով։
Սակայն մի պատմություն կա` համամարդկային սիրո և հանդուրժողականության մասին։ Պատմություն, որն արդեն մի քանի տասնամյակ է հիշում են, թուրք սպա Մուստաֆայի մասին է։
Մուստաֆան 1918 թվականի մայիսին Հայաստանի տարածք ներխուժած թուրքական բանակի սպա էր։ Ամենայն հավանականությամբ, հենց մեր հերոսի հրամանատարության տակ գտնվող ստորաբաժանման ճանապարհին էր գտնվում Սարամեջ գյուղը։
«Ասում են` Մուստաֆայի մայրը հայ էր։ Ճիշտ է դա, թե ոչ` հայտնի չէ, սակայն Մուստաֆան որոշեց պաշտպանել մեր գյուղի բնակիչներին», – պատմում է 83-ամյա Հմայակ Հովհաննիսյանը։
Սպան գաղտնի օգնում էր բնակիչներին պատսպարվել։ Արդյունքում, գյուղի ոչ մի բնակիչ թուրք ասկյարների ձեռքից չտուժեց։
«Նրան ընդունեցին որպես յուրային, հարազատ մարդ»,– շարունակում է իր պատմությունը գյուղական համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը։ Նրա պապը` Ղազարոսը, ցարական բանակում էր ծառայում, պարգևատրվել է Գեորգիևյան երկու խաչով։ Ղազարոսը հարևան գյուղում էր ապրում։ Գյուղի պաշտպանության ժամանակ թուրքերին գերի էր ընկել։ Սակայն Մուստաֆայի ջանքերի շնորհիվ ազատվել էր։ Մուստաֆան գրեթե խլել էր նրան թուրք փաշայի ձեռքից։
Թուրքական բանակի նահանջից հետո Մուստաֆան որոշում է մնալ գյուղում։ Նա ժառանգ չի թողել, ամբողջ կյանքում ամուրի մնաց։
Թաղել են նրան գյուղի գերեզմանատանը` թուրքական ավանդույթների համաձայն։
Թուրք սպայի պատմությունը դաժանության և անմարդկայինի նկատմամբ առաքինության տարած հաղթանակի օրինակ է։