Նիկոլ Փաշինյանն ընդունեց շքերթը

Սարդարապատի հուշահամալիրի տարածքը մարդաշատ է. Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության 100-ամյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Կաթողիկոսը ծնրադիր աղոթեց Հայաստանի խաղաղության և անսասանության համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց շքերթը: Վարչապետը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Սարդարապատի հուշահամալիրի տարածքում ծանոթացան հայկական ժամանակակից զինատեսակներին ու պատմական նմուշներին, որոնք կիրառվել են Առաջին հանրապետության տարիներին` Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում։

Ռազմական շքերթին մասնակցող զինվորականները Սարդարապատի հուշահամալիր են եկել Առաջին Հանրապետության զինվորական համազգեստներով ու հանդերձանքով։

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով համերգային ծրագրեր և մարզամշակութային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երեկոյան 20.30-ին Երևանի Հանրապետության հրապարակում համերգ է լինելու։

Ծրագրում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան: