ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի։ Այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին հայտնեց նախարարը։
«Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու»,- ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու մասին հայտարարությանը:
Նախարարը նշեց, որ ինքը ոչ մի բան ուղերձի համար չի անում, բայց կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում:
Տոնոյանին հարցրին` իսկ որդին կծառայի՞, թե՞ արտոնյալների շարքում կլինի։
«Ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ»,- պատասխանեց նախարարը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին կոչով դիմել էր արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: Մինչ այդ նա ներկայացրել էր որդուն` Աշոտին, որը ամառվա զորակոչին ծառայության է մեկնելու բանակ։ Աշոտն էլ իր հերթին նշել էր, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում: