ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Արտահերթ ընտրություն տեղի ունենալու է, և ՀՅԴ-ն էլ դրան պատրաստ է, այսօր լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք պետք է որպես պետություն պատրաստ լինենք, որովհետև ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի, որ հասարակության կողմից վստահությունն էլ ավելի բարձր լինի նոր քաղաքական պատկերի համատեքստում»,- ասաց Մինասյանը:
Իսկ թե ինչ ժամկետում, ինչ գործողություններից հետո կլինեն արտահերթ ընտրությունները, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հարցերին կպատասխանի ՀՀ վարչապետը` կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։
«Շատերն ասում են՝ անհնարին է ինչ-որ բան, բայց կյանքը և Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում»,- ասաց Մինասյանը:
Իսկ կառավարության ծրագրի ընդունումից հետո կոալիցիոն փաստաթուղթ կստորագրվի՞։ Դաշնակցական նախարարն ի պատասխան այս հարցի ասաց, որ այդ հարցը դեռ քննարկվում է և առաջիկայում կներկայացվի։
Հիշեցնենք, երեկ Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված տոնակատարության ժամանակ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ արտահերթ ընտրությունների հավանականություն չի տեսնում։