«Ոչ ոք վարչապետ չի ծնվում». նախարարը գիտի կառավարության հաջողության բանաձևը

ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ հանրապետության երիտասարդ կառավարությունը կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ցանկացած կառավարության հաջողություն ապահոված կլինի, եթե գործունեության հիմքում պետական շահերն ու ազգային արժեքներն են, այսօր Սարդարապատում լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը համոզված է, որ Հայաստանի նոր կառավարությունը կկատարի իր առջև դրված խնդիրները։

«Պետք է զգույշ լինել, բայց ես մտավախություն չունեմ, թե գործող կառավարությունը կարող է չկատարել իր պարտավորությունները», — ասաց նա։

Նախարարն ավելացրեց, որ ոչ ոք վարչապետ կամ կառավարման հմտություններով օժտված չի ծնվում։

ՀՀ կառավարությունը, որում պաշտոններ ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի երիտասարդ համախոհները, վերջնականապես ձևավորվեց մայիսի 12-ին։ Մայիսի 21-ին Հայաստանի նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ նախարարների նոր կաբինետի երդմնակալության արարողությունը։