Մուսալեռից մինչև ֆրանսիացի նոր ներդրողներ. արտգործնախարարը` հայ–ֆրանսիական կապերի մասին

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդես եկան համատեղ ասուլիսով։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հայ–ֆրանսիական բարեկամության ուղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Մուսալեռի հայերի փրկությունը ևս հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր դրսևորումներից է։ ԱԳՆ-ում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Մուսալեռան հուշահամալիր կատարած այցելության մանրամասները, ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Շատ զգացմունքային պահ էր այդ այցելությունը, և մենք միասին շատ հետաքրքիր փորձ ունեցանք այդ այցելության ընթացքում»,- ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ հայ-ֆրանսիական ներկա հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության ու փոխադարձ աջակցության դրսևորումների վրա։

«Անկախությունից ի վեր մենք մշտապես զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունն ու բարեկամությունը և հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն է մշտական քաղաքական երկխոսությունը, պետությունների ղեկավարների մակարդակով պարբերական պետական այցելությունները, տարբեր բնագավառներում խորը գործակցային կապերը, սերտ համագործակցությունը և, իհարկե, ֆրանսահայ աշխույժ համայնքի գործակցությունը»,- ասաց Մնացականյանը։

Արդեն հաստատ է` Էմանուել Մակրոնը կգա Հայաստան

Նախարարը նաև տեղեկացրեց, որ երկօրյա այցի ընթացքում ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել են միջազգային տարբեր ձևաչափերում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և աշնանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի` Հայաստան կատարելիք պետական այցի հետ կապված հարցերը։

Նա նշեց, որ ֆրանսիական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարել հայաստանյան տնտեսության մեջ, և հայկական կողմը պատրաստ է ֆրանսիացի նոր ներդրողների համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծել։

Մնացականյանը հայտնեց նաև, որ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն այսօր կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։