Կոմանդոսը հիշեցրել է Ալիևին` տնտեսական գերազանցությունը ռազմական գերազանցություն չէ

Արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը պատասխանել է Իլհամ Ալիևին` հայտարարելով, որ Ադրբեջանի տնտեսական հաջողությունները երբեք չեն փոխակերպվել ռազմական գերազանցության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է ուժով լուծել արցախյան հակամարտությունը, ապա հայկական կողմի խնդիրն է հակառակորդին ցույց տալ իր ուժը։ Այս մասին, մեկնաբանելով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, Sputnik Արմենիայի տված հարցազրույցում հայտարարեց արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի ազատագրման հրամանատար, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս) ։

Կոմանդոսը, մասնավորապես, ասաց, որ Ադրբեջանն ուզում է գալ արցախյան հակամարտության կարգավորման` մեծացնելով իր տնտեսական և ռազմական հզորությունը։ Ալիևը համոզված է, որ Բաքուն պետք է շեշտը դնի իր ռազմական և տնտեսական հզորության վրա, քանի որ միջազգային իրավունքը «միշտ չէ, որ աշխատում է»։

Իլհամ Ալիևի հայտարարությունը ոչ մի քննադատության չի դիմանում. Զատուլին

Տեր- Թադևոսյանի կարծիքով` Ալիևի հայտարարությունում ոչ մի նոր բան չկա. այո, ադրբեջանական տնտեսությունը նավթի վաճառքից ստացված եկամուտների հաշվին միշտ գերազանցել է հայկական տնտեսությանը` երբեք չվերածվելով ռազմական առավելության։

«Մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը տնտեսապես մեզանից ուժեղ է եղել, բայց այդ գերազանցությունը երբեք նրանց ավելի ուժեղ չի դարձրել մարտի դաշտում։ Համոզված եմ, որ ռազմական հավասարակշռությունը կպահպանվի նաև ապագայում», – ասաց մեր զրուցակիցը։

Գեներալը բարձր է գնահատում Հայաստանի ռազմաքաղաքական ջանքերը` Հայաստանի ԶՈւ ներուժը մեծացնելու, նոր ժամանակակից սպառազինություններ և ռազմական տեխնիկա գնելու համար։ Չնայած պատկառելի տարիքին` Կոմանդոսը այսօր էլ ձեռքը պահում է հայկական բանակի զարկերակի վրա, սեփական փորձով գիտի ռազմական նախապատրաստությունների մասին։

Ալիևը Երևանին սպառնում է Նախիջևանից. ի՞նչ կձեռնարկի Հայաստանը

Միաժամանակ, նա համոզված է, որ Արցախում մարտական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում առավելապես կանգնած կլինեն արտաքին ուժերը, մասնավորապես, Թուրքիան. նա կարող է դրդել Ադրբեջանին նոր պատերազմի։ Հենց Անկարային է գեներալը համարում 2016թ–ի ապրիլյան պատերազմի «շահառուներից» մեկը։ Եվ իրավիճակը դրանից հետո չի փոխվել, վստահ է Տեր–Թադևոսյանը։

Զինվորականը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի միջև լիաֆորմատ բանակցությունները վերականգնելու մեջ, ինչպես դա նախատեսված է եղել 1994թ–ի դեկտեմբերի 6–ին Բուդապեշտի փաստաթղթով։ Այդ առումով Կոմանդոսը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին։

Արկադի Տեր–Թադևոսյանը համոզված է, որ ժամանակին բանակցություններից Արցախին դուրս մղելը եղել է հայկական ղեկավարության լուրջ բացթողումներից մեկը։