ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանը կգա պետական այցով։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նա հայտնեց, որ այցը նախատեսված է աշնանը։
Մնացականյանն ու Լը Դրիանը քննարկել են Մակրոնի այցի կազմակերպման հարցը։
«Մենք նրա այցը կարևոր ենք համարում երկկողմ համագործակցության համար»,- ասաց Լը Դրիանը։
Ֆրանսիայի նախագահը Հայաստան կգա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
2018 թվականի հոկտեմբերի 11-12-ին նախատեսված գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։
Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 5000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: