«Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք». «Երևան սիթի» գանձապահներին հերթով հրավիրում են ԱԱԾ

«Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Այս օրերին «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: Ըստ ԱԱԾ-ի բացահայտման` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում:

Ռուբեն Վարդանյանը խոսեց Նիկոլ Փաշինյանին սատարելու և ԱԱԾ բացահայտումների մասին

Այսինքն՝ այս սուպերմարկետում առեւտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաև առանձին Ա/Ձ-ների միջոցով: Այս ամենն արվում է, որպեսզի «Երևան սիթիում» առևտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչև 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի:

Այսպիսով, Սամվել Ալեքսանյանի ընտանիքը, երևի թե հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, բավականին «հնարամիտ» մեթոդ է կիրառել հարկերից խուսափելու համար, ինչը տնտեսական լուրջ հանցագործություն է: Հոլդինգում առանձին Ա/Ձ-ների ու դրանց ՀԴՄ-ների գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասն, ըստ «Առավոտի» տեղեկությունների, հասնում է մի քանի տասնյակ միլիոնների՝ դրամով:

Տեղեկությունը Aravot.am-ը փորձել է ճշտել ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավարից, սակայն նա զանգերին չի պատասխանել, քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է:

Ըստ որոշ լուրերի, «Երևան սիթի» ՀԴՄ-ների «հնարամիտ» մեթոդը նաև «ՍԱՍ» սուպերմարկերտում է գործում: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ բացահայտել են՝ 350 սովորական քաղաքացիների անուններով Ա/Ձ-ներ են բացած եղել, ու սրանց անունով որոշները բիզնես իրականացրել: