ՌԱԴԻՈ

Սանասարյան. «Վերահսկողական ծառայությունը ստուգումները կսկսի պետական բուհերից»

Դավիթ Սանասարյանը խոստանում է, որ հեղափոխության դրական արդյունքներն առաջինը ուսանողներ կզգան։
Sputnik
Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն առաջիկայում ստուգումներ կսկսի պետական բուհերում: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը:

«Առաջիններից մեկը լինելու է Երևանի պետական համալսարանն ու պետական այլ բուհեր, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը: Այս ամենը որոշելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասաց նա։

Սանասարյանի խոսքով` քանի որ հեղափոխության ժամանակ շատ ակտիվ են եղել ուսանողները, նրանք առաջինը պիտի զգան հեղափոխության արդյունքները:

«Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից»,- ասաց Սանասարյանը:

Իսկ թե ինչ սկանդալային բացահայտումներ են լինելու, և արդյոք պատասխանատվության կենթարկվեն բարձրաստիճան պաշտոնյաները, պարզ կլինի ավելի ուշ. Դավիթ Սանասարյանը խոստացավ այդ ամենի մասին խոսել առաջիկա ասուլիսի ժամանակ։