Ինչպես հայկական կառավարությունը փող պատվիրեց Լոնդոնում

Իր որակով բացառիկ թղթադրամն այդպես էլ չծառայեց նախնական նպատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները տպագրվել են Լոնդոնում, իսկ մինչև այդ 1918 թվականից գործում էր բոնը, որը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միասնական արժույթն էր։

Անկախության հռչակումից հետո` 1918 թվականի մայիսին, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում միասնական դրամներ շրջանառության մեջ մտան` Թբիլիսիում թողարկված Անդրկովկասյան բոները։ Այդ թղթադրամներն օգտագործվում էին ամենուր, և դրանց վրա գրառումներ կային երեք լեզվով։ 1919 թվականի հունիսին բոների միասնական թողարկումը դադարեցվեց, երբ Վրաստանն ու Ադրբեջանն անցան դրամական սեփական համակարգին։

Национальный архив. Деньги Первой армянской республики

Այդ շրջանում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, այդ թվում տպագրական հնարավորություններն ավելի վատն էին, քան Վրաստանինն ու Ադրբեջանինը։ Այդ պատճառով Հայաստանի կառավարությունը որոշեց ազգային արժույթը թողարկել Անգլիայում, որը հայտնի էր իր տպագրական արդյունաբերությամբ։

Հայաստանի ֆինանսների նախարարությունը թղթադրամների թողարկումը պատվիրեց Waterlow and Sons Ltd ընկերությանը։ Առաջին դրամների էսքիզների հեղինակներն էին նկարիչներ Հակոբ Կոջոյանն ու Արշակ Ֆեթվաճյանը։

Սակայն հայ ժողովուրդը այդպես էլ չկարողացավ օգտագործել Առաջին Հանրապետության բացառիկ թղթադրամները։ Մինչև դրանք տեղ հասան, Հայաստանն արդեն ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում։ Այսօր Առաջին Հանրապետության դրամները պահվում են Հայաստանի ազգային արխիվում։

Այստեղ կարելի է գտնել նաև Առաջին Հանրապետության ծիածանագույն դրոշի էսքիզները, որոնց հեղինակը մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանն է։

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակը: Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականը։ Հոբելյանական օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվում ինչպես Երևանում, այնպես էլ Սարդարապատի հուշահամալիրի տարածքում, որտեղ 1918 թվականի մայիսին անկախ հայկական պետության հռչակման նախաշեմին տեղի ունեցան ամենակատաղի մարտերը` երկիր ներխուժած թուրք զորքերի դեմ։