ՌԱԴԻՈ

Վանեցյան. «Կոռուպցիոն սխեմաները 1.5 տարվա վաղեմություն ունեն»

ԱԱԾ տնօրենը որոշ մանրամասներ է պատմել կոռուպցիոն հանցագործությունների փաստով քննվող քրեական գործի ընթացքից։
Sputnik
Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայությունն առաջիկա օրերին կշարունակի իր գործողությունները նաև կառավարման այլ ոլորտներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ինչպես խոստացել էինք, ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և առհասարակ բոլոր օրինախախտները կպատժվեն»,- ասաց նա` հավելելով, որ պայքարը լինելու է անզիջում։

Ու թեև ԱԱԾ պետը չցանկացավ նախաքննության ընթացքի մասին մանրամասներ հայտնել, բայց նշեց, որ քննության ընթացքում բացահայտված փոստերից պարզ է դառնում, որ կոռուպցիոն սխեման գործել է առնվազն 1.5 տարի։

Ես չեմ որոշում` ում հարցաքննության կանչեն. Փաշինյան

Հիշեցնենք` մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին քրեական գործեր են հարուցվել: Նա խոստացել էր, որ քննության ավարտին ապօրինի հարստացած մարդիկ պետք է գումարները վերադարձնեն պետբյուջե:

Հարցին, թե ինչու նախկինում այն չի բացահայտվել, Վանեցյանը չպատասխանեց` նշելով, որ իր աշխատանքային ոլորտն այդ ժամանակ այլ էր։

Նրա խոսքով` քրեական գործում ներգրավվել են մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ: Վանեցյանն ասել էր, որ 350 մարդ տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնք իրականացնում են տնտեսական գործունեություն և հարկեր չեն վճարում: Ի դեպ, այդ մարդիկ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացիներ են, որոնց անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել տարբեր կազմակերպություններ: