Կրթության նախարարը խոստանում է պարզել` ուր են գնացել միլիոնները

Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բուհերն այլևս գումար չեն տալու Երիտասարդական հիմնադրամին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Բուհերն այլևս գումար չեն տալու Երիտասարդական հիմնադրամին, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներկայացված են վարչապետը, ԿԳՆ ղեկավարը։

Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

«Աուդիտ կանցկացնենք, պարզ կլինի` ինչ ծախսեր են արվել»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ նախարարն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ բուհերի ռեկտորներն այսուհետև չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք, նրա խոսքով, հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների։

Նախարարին խնդրեցին մեկնաբանել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարությունը, ըստ որի` նախարարը փորձում է մտածված վարկաբեկել իրենց։

«Կարծում եմ` վերջին տարիների ընթացքում բուհի ղեկավարությունն ինքն իրեն արդեն վարկաբեկել է»,- ասաց նա։

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ նաև «Այբ» դպրոցի թեմային։ Հարությունյանը նշեց, որ այդ դպրոցի հետ կապված խնդիր չկա, խնդիրը Արարատյան բակալավրիատի ու Տեր Մեսրոպի հետ է։