ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Թուրքիայից Հայաստան հասած հետախուզական թռչող սարքի մասին լուրերը խիստ չափազանցված են։ Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք` այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Ըստ ականատեսների` այն Հայաստանի տարածք էր հասել Թուրքիայից։
Հայտնաբերված կասկածելի թռչող սարքը գյուղացիները ներկայացրել էին ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Նշենք, որ այս տեղեկությունները Sputnik Արմենիային հայտնել էր Նոր Ամասիայի գյուղապետ Գարիկ Ավդալյանը։ Նա տրամադրել էր նաև իր նկարահանած տեսանյութը, որտեղ երևում է, որ օդապարիկը շնաձկան տեսքով մեծ հեռակառավարվող փուչիկ է։