Ցիկլոնը վերադառնում է, ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան

Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Մայիսի 29-ից սկսած Հայաստանին է մոտենում հաջորդ ակտիվ ցիկլոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»,– գրել է նա։

Մայիսի 29-30-ին, սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։

Իսկ վաղը` մայիսի 28-ին, ցերեկային ժամերին գրեթե բոլոր մարզերում կլինի տաք և առանց տեղումների եղանակ, միայն ուշ երեկոյան առանձին շրջաններում կարճատև անձրևներ կտեղան ու ամպրոպ կլինի։